23 սեպտեմբերի 2003 - 22:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կմասնակցի «Կովկասյան քառյակի» երկրների` հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքը` Ա. Բաղդասարյանը: Նա նաեւ նշել է, որ հոկտեմբերին Հարավկովկասյան նախաձեռնության շրջանակներում Շոտլանդիայում կկայանա հանդիպում, որին կմասնակցեն հարավկովկասյան երեք երկրների պատվիրակությունները: Այդ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցեր: «Հայաստանի խորհրդարանը կօժանդակի հանագործակցության ընդլայնմանը նման չափակարգերում եւ, մասնավորապես, դրական է գնահատում Լիտվայի կողմից առաջարկված «3+3» չափակարգը, որն ընդգրկում է երեք մերձբալթյան եւ երեք անդրկովկասյան երկրները»,- հայտարարել է խոսնակը: