Ֆրանսիայում պարզել են խաբեբայի իսկությունը, ով կեղծ ռեզյումեի շնորհիվ մի քանի ամիս շարունակ գլխավորել է Լիմոժ քաղաքի օդանավակայանը:
Ժան-Պյեռ Գայար անունով 43-ամյա ֆրանսիացին Լիմոժի միջազգային օդանավակայանի տնօրենն է դարձել 2011թ. նոյեմբերի սկզբին: Սակայն հունվարի սկզբին օդանավակայանների հաճախորդուհիներից մեկը ճանաչել է նրան լուսանկարում և այդ մասին հաղորդել իշխանություններին: Բացահայտվելուց անմիջապես հետո Գայարը, որը նախկինում իրեն ներկայացրել է որպես ոստիկան (1995 թվականին) և զինվորական (1996 թվականին) և դատված է եղել, անհետացել է: Օդանավակայանում աշխատանքի ընդունվելու համար Գայարը կարողացել էր դատված չլինելու մասին տեղեկանք հայթայթել:
Հետաքրքիր է, որ օդանավակայանը չի պատրաստվում դատի տալ խաբեբային, քանի որ, ղեկավարության խոսքով, Գայարը լավ գլուխ էր հանում օդանավակայանի կառավարումից: