22 սեպտեմբերի 2003 - 23:15 AMT
ԹԵՀՐԱՆԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻՆ
Եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը հրաժարվի Թեհրան կատարելիք այցից, Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին եւս կհրաժարվի այցելել Անկարա: Նման վերջնագրի բնույթ կրող հայտարարության մասին է հաղորդում Թեհրանի «Ալիք» թերթը, հղում անելով Արաբական Էմիրություններում լույս տեսնող «Ալբանյան» թերթի լրատվության վրա: Նախապես հայտարարվել էր, որ Էրդողանի այցի հետաձգումը իբր կապված է քրդական KADEK կուսակցությունը իբրեւ ահաբեկչական բնութագրելու Թեհրանի մերժման հետ: Սակայն ավելի ուշ թուրքական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն, դրա իրական պատճառը Անկարայի վրա Վաշինգտոնի գործադրած ճնշումն է: Աղբյուրի համաձայն, Անկարայում ԱՄՆ դեսպան Մարկ Պարիսը «խորհուրդ» էր տվել թուրք պաշտոնյաներին հրաժարվել Իրան կատարելիք այցի մտադրությունից: Իր հերթին այս տեղեկությունները «ոչ ճիշտ է» գնահատել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը` նշելով, որ Էրդողանի կատարվելիք այցը մնում է օրակարգում, սակայն չի նշել այցի ժամկետը: