10 փետրվարի 2012 - 18:51 AMT
Դատախազությունը կպատրաստի հոլովակ ընտրախախտումների քրեորեն պատժելի տեսակների մասին

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից։Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով մշտական իրավախորհրդատու Սթիվ Քեսլերը:

Կողմերը քննարկել են փոխգործակցության զարգացման ընդհանուր հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինների կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:

Դատախազը մանրամասնել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողության ձևավորված փորձը՝ ընդգծելով, որ դատախազության համակարգում կազմավորվող աշխատանքային խումբը հետամուտ է լինում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների, այդ թվում մամուլի հրապարակումների պատշաճ քննարկմանը, օպերատիվ արձագանքմանը:

Աղվան Հովսեփյանը կարևորել է ընտրախախտումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը՝ տեղեկացնելով, որ դատախազությունը սեփական նախաձեռնությամբ պատրաստում է տեսահոլովակ՝ իրազեկելու հանրությանը ընտրախախտումների այն տեսակների մասին, որոնց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Կողմերն անդրադարձել են նաև հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին։