12 փետրվարի 2012 - 16:31 AMT
Anonymous-ը հարձակվել է Պանամայի կառավարական կայքերի վրա

Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է Պանամայի կառավարական կայքերի վրա, այդ թվում և խորհրդարանի կայքը ինտերնետում սահմանափակումներ ներմուծելու՝ տարբեր երկրների փորձերի դեմ պայքարի նպատակով: Հաքերները հարձակման մասին հաղորդել են իրենց Twitter-ի միջոցով: Այժմ արդեն հարձակման ենթարկված կայքերը վերականգնել են իրենց աշխատանքը:

Հաքերները կոտրել են նաև www.estrategiaweb.com կայքը՝ գլխավոր էջում թողնելով իսպաներեն լեզվով ուղերձ. «Մենք՝ Anonymous-ը, մեր լեգեոնը, մենք չենք ներում, չենք մոռանում, սպասեք մեզ»:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերի վրա: Բոլոր այդ հարձակումները խմբավորումը կապում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի ընդունման, ինչպես նաև Megaupload ֆայլերի փոխանակման ծառայության փակման հետ:

Anonymous հաքերային խումբը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։