17 սեպտեմբերի 2003 - 19:30 AMT
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍՍԿԶԲԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոկտեմբերի 6-7-ը Մոսկվայում կկայանա Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) հիմնադիր համագումարը, որին կմասնակցեն 150 պատգամավոր 57 երկրից, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Ինչպես այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՀՀԿ կազմկոմիտեի ղեկավար Արա Աբրահամյանը, այդ նորաստեղծ կազմակերպության գործունեությունը նպատակաուղղված կլինի ողջ հայության շահերի պաշտպանությանը: Նրա խոսքերով` ՀՀԿ-ն, մասնավորապես, ակտիվորեն կներգրավվի 1915 թվականի Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ա. Աբրահամյանը նշել է, որ հիմնադիր համագումարի անցկացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նա հանդիպել է Հայաստանի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Լիբանանի նախագահներին, ինչպես նաեւ ստացել է Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների օրհնությունը: Նրա խոսքերով` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ՀՀԿ ներկայացուցչությանը շենք հատկացնելու պատրաստակամություն է հայտնել: