16 սեպտեմբերի 2003 - 20:52 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Ռուսաստանը առաջնային ուշադրություն է հատկացնում ԱՊՀ տարածքում տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը: Այդ մասին մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նա ափսոսանքով նշել է, որ «այս տարի` Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների տարում, ղարաբաղյան կարգավորման գործընթացը «կախվել է» սպասման ռեժամում»: Այս առումով, նրա խոսքերով, հակամարտության գոտում հաճախակի են դարձել միջադեպերը: «Ռուսաստանյան դիվանագիտությունը` ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա) հետ սերտ գործակցելով` կոչ է անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ առանձնահատուկ կշռադատություն այս պատասխանատու պահին»,- ասել է դիվանագետը: