16 սեպտեմբերի 2003 - 19:57 AMT
ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Բրիտանիայի կառավարությունը ուշացնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի շինարարությանը պաշտոնական աջակցություն ցույց տալու մասին հայտարարությունը: Ինչպես հաղորդում է Բաքվի «525» թերթը, Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, առեւտրի նախարարի տեղակալ Լորդ Սեյնսբերին տեղեկացրել է, որ Վարկի ապահովման փորձագիտական դեպարտամենտն առայժմ ոչ մի որոշում չի կայացրել ԲԹՋ շինարարությանը ֆինանսական օգնություն հատկացնելու առնչությամբ: Նա հայտարարել է, որ դեպարտամենտը կարող է օգնություն հատկացնել միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ խողովակաշարը անվտանգ է շրջակա միջավայրի համար, ինչպես նաեւ չի ոտնահարում որեւէ մեկի քաղաքացիական իրավունքները: Նշենք, որ բրիտանական կառավարությունը կոչ է արել նաեւ Համաշխարհային բանկին եւ մյուս միջազգային վարկային կազմակերպություններին չշտապել միջոցներ տրամադրել նավթամուղի շինարարության համար: Հիշեցնենք, որ ԲԹՋ շինարարությանը դեմ են հանդես գալիս մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության ավելի քան 60 միջազգային կազմակերպություններ: Մասնավորապես, «Greenpeace» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ նախագծի իրականացման դեպքում ավելի քան 30 հազար քրդեր պետք է գաղթեն իրենց տներից: «Amnesty International» կազմակերպությունը հայտարարել է, որ տարածաշրջանում կարող է ստեղծել նոր հակամարտության միջադեպ: