15 սեպտեմբերի 2003 - 21:10 AMT
ԵՐԵՎԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՇԱԿԻ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանը ցանկանում է, որ Եվրամիությունը մշակի եւ հնչեցնի իր դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասն ընդգրկվի Եվրոպական Միության անմիջական հետաքրքրությունների շրջանակում», - հայտարարել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների նպատակն է մոտեցնել երկիրը ԵՄ չափանիշներին: Ռ.Քոչարյանը նշել է, որ եվրոպական ինտեգրման գործընթացը շատ ավելի արդյունավետ կդառնա Հարավային Կովկասի երեք երկրների ջանքերի համաձայնեցման դեպքում, եւ այդ առնչությամբ Բալթյան տարածաշրջանի երկրների համատեղ փորձը կարող է չափազանց օգտակար լինել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար: