14 փետրվարի 2012 - 14:04 AMT
Լիտվիացի Ռեգիմանտաս Ադոմայտիսը կբացի «Արմմոնո» 10-րդ միջազգային փառատոնը

Լիտվայի ԽՍՀ վաստակավոր դերասան, ԽՍՀՄ վաստակավոր դերասան, Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գեդիմինասի երրորդ աստիճանի պատվո շքանշանի ասպետ Ռեգիմանտաս Ադոմայտիսի ստեղծագործական երեկոյով բացվելու է «Արմմոնո» 10-րդ միջազգային մոնոներկայացումների փառատոնը: Այդ մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը:

Ռեգիմանտաս Ադոմայտիսը ծնվել է 1937 թ-ի հունվարի 31-ին, Լիտվայի Շաուլյայ քաղաքում: Ավարտել է Վիլնյուսի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը և Վիլնյուսի կոնսերվատորիայի դերասանական բաժինը: 1963-1967թթ. աշխատել է Կաունասի դրամատիկական թատրոնում, իսկ 1967 թ-ից` Լիտվայի Ազգային դրամատիկական թատրոնի դերասան է: Որպես կինոդերասան նա հայտնի դարձավ 1970թ-ին նկարահանված Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» լեգենդար ֆիլմում նկարահանվելուց հետո:

«Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը տեղի է ունենալու փետրվարի 29-ին մարտի 5-ը: Փառատոնին մասնակցելու են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակում վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար:

«Արմմոնո»-ն առաջին անգամ անցեկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը: