14 փետրվարի 2012 - 17:15 AMT
Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստանին» անդամակցելու համար դիմում է ներկայացրել

Վարդան Օսկանյանը տարածել է հայտարարություն, որտեղ նշում է, որ երեկ դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար։ «Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ»,- գրում է Օսկանյանը։

Նա հավելում է, որ լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով պարբերաբար արտահայտել է իր տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների վերաբերյալ. «Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին։ Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իմ հնարավոր անդամակցության հանգամանքը՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը առաջիկա օրերին որոշում կընդունի հիմնադրամում իմ հետագա կարգավիճակի վերաբերյալ»։