Այս օրերիին Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Աբովյանում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկանում Վրաստանի հավաքականի հետ: Բռնցքամարտիկները պատրաստվում են միջազգային մրցաշարերի, որոնք տեղի կունենան Բուլղարիայում և Ֆինլանդիայում:
Ինչպես նշել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, փետրվարի 15-ին նրանք վրացիների հետ սպարինգ կանցկացնեն: «Թիմի մարտական տրամադրվածությունը բարձր է, և կարծում եմ, որ միջազգային մրցաշարերում մեր բռնցքամարտիկները լավ ելույթ կունենան: 6 բռնցքամարտիկներ ելույթ կունենան Բուլղարիայում, իսկ 6-ը՝ Ֆինլանդիայում»,- ասել է Աղամալյանը:
Մարզչի խոսքով, այդ մրցաշարերից հետո պարզ կլինի, թե ով կմասնակցի վարկանիշային մրցաշարին: Օլիմպիական ուղեգրեր կխաղարկվեն ապրիլի 13-22-ը Տրապիզոնում:
«Ես ակնկալում եմ, որ Տրապիզոնում մեզ կհաջողվի նվաճել մեկ կամ երկու օլիմպիական ուղեգիր»,- ասել է նա:
Հավաքականի հետ մարզվում է նաև Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ), ով արդեն ապահովել է իր մասնակցությունը Լոնդոնի օլիմպիական խաղերին: «Անդրանիկը մարզվում է անհատական ծրագրով: Նա ելույթ կունենա Ֆինլանդիայում, որից հետո պլանավորվում է, որ նա հանդես կգա ևս մեկ մրցաշարում ու Լոնդոն կմեկնի լավ մարզավիճակում»: