14 փետրվարի 2012 - 20:19 AMT
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 5 տարվա ընթացքում ծրագրում է 5 միլիարդ դոլար տնտեսել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգ տարվա ընթացքում ծրագրում է հինգ միլիարդ դոլար տնտեսել սպառազինության և տեխնիկայի գնման և մշակման ծրագրերի վերակազմակերպման կամ փակման հաշվին, հաղորդում է Defense News-ը:

ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Բարբարա Բոնեսսի խոսքով` 1,4 միլիարդ դոլար կհաջողվի տնտեսել 1471 միջին մարտական ավտոմեքենաների գնումը վաղաժամկետ ավարտելու դեպքում: Մոտ 900 միլիոն դոլար ծրագրվում է տնտեսել «Համմեր» բազմանպատակ ավտոմեքենաների արդիականացման ծրագիրը փակելու հաշվին:

Եվս 1,2 միլիարդ ծրագրվում է հինգ տարվա ընթացքում տնտեսել Boeing միջին բարձրության հետախուզական ինքնաթիռների շինարարության ծրագիրը փակելու դեպքում: Փակման են ենթակա նաև JPALS (ինքնաթիռների ճշգրիտ վայրէջքի համակարգ), LRAS3 (հետախուզական ստորաբաժանումների դիտորդական համակարգ) և մի շարք այլ ծրագրեր:

10 տարվա ընթացքում Պենտագոնը մտադիր է պաշտպանական ծախսերն ընդհանուր առմամբ կրճատել 487 միլիարդ դոլարով, որից 259 ծրագրվում է տնտեսել մոտակա հինգ տարում: