պատանդները, որոնք այնուհետև այդ ողբերգությունը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի»,- ասվում է ուղերձում
Խոջալուի բնակիչները դարձել էին Բաքվի իշխանությունների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետև այդ ողբերգությունը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի: Այդ մասին հայտնել է ԼՂՀ ԱԳՆ-ն` մեկնաբանելով ԵԱՀԿ ԽՎ-ում Խոջալուի հարցի քննարկման վերաբերյալ հայտարարությունները:
«Խոջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված դավաճանությունը պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել որպես հայերի վրեժխնդրություն` Սումգայիթում կազմակերպված արյունալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչությունն իրականացվում է վառ արտահայտված անվանարկումներով և հայերի դեմուղղված էթնիկ անզսպության և ատելության շիկացմամբ: «Խոջալու» խաղաքարտը կանոնավոր կերպով խաղարկելով` պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում, ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ, կազմակերպված հայկական կոտորածներից»,- ասվում է Արցախի ԱԳՆ մամլո ծառայության տարածած ուղերձում:
Նախօրեին ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտնել է այսպես կոչված «Խոջալուի կոտորածի» հարցը վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում բարձրացնելու` ադրբեջանական պատվիրակության պատրաստակամության մասին: