11 սեպտեմբերի 2003 - 18:57 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԴԵՄ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Համաշխարհային բանկը հանդես է գալիս «ԱրմենՏել» ընկերությանը Հայաստանի հեռախոսակապի նկատմամբ մենաշնորհային իրավունքից զրկելու օգտին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Նրա խոսքերով, մենաշնորհը խոչընդոտում է հեռահաղորդակցության շուկայի զարգացմանը հանրապետությունում: Նա նշել է կապի բարձր գներն ու վատ որակը: Որպես օրինակ Ռոբինսոնը հիշատակել է Վրաստանը, որտեղ բջջային կապի երեք օպերատորների միջեւ մրցակցության շնորհիվ գներն ավելի ցածր են, իսկ որակը` բարձր: Միեւնույն ժամանակ նա անթույլատրելի է համարել մի մենաշնորհի փոխարինումը մյուսով: Ըստ որոշ տեղեկությունների, ներկայումս Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում որպես հեռախոսակապի օպերատոր Ռուսաստանի «Ռոստելեկոմ» ընկերությանը ներգրավելու շուրջ: Իսկ որպես բջջային կապի օպերատոր հիշատակվում են «Ղարաբաղտելեկոմ»-ն ու ռուսաստանյան «Մեգաֆոն»-ը, որի անուղղակի սեփականատերը Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան է: