15 փետրվարի 2012 - 16:59 AMT
ՎԶՄԲ-ն Հայաստանին կտրամադրի 30 մլն դոլար գումարի չափով փոխառություն

Փետրվարի 15-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրեցին ֆինանսավորման և փոխառության համաձայնագրեր` 50 մլն և 30 մլն դոլար գումարային արժեքով:

Ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 32 600 000 (SDR) Փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ (մոտ 50 մլն ԱՄՆ դոլար): Վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման), տարեկան 1.25% տոկոսադրույքով:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Փոխառությունը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա USD LIBOR+փոփոխական մարժա, իսկ սկզբնական միանվագ միջնորդավճարը` փոխառության գումարի 0.25%:

Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետությանը որպես բյուջետային աջակցություն, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: