16 փետրվարի 2012 - 15:08 AMT
2011 թ. հայտնաբերվել է օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմ

ՀՀ կրթության և գւտության նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի( ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳՆ-ից հայտնում են, որ խորհուրդը հաստատել է ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով նախորդ տարվա գործունեությունը, նշել է, որ կենտրոնի կողմից գերակա է եղել միջազգային համագործակցության ընդլայնումն ու որակավորումների ճանաչման գործընթացը:

Հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ և ներկայացվել իրավասու կառույցներին: ԱՓՇԱՏԿ-ի 2012 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ և կազմում է մոտ 4 մլն դրամ: