16 փետրվարի 2012 - 15:57 AMT
Սլովակիայի օրինակով Գերմանիան էլ է արդարանում իր լրագրողների այցի համար Արցախ

Լրագրողներն անձնական պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղ մեկնելու համար, նույնիսկ հետազոտական նպատակներով: Այդպես է մեկնաբանել Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը գերմանացի լրագրողների այցը ԼՂՀ:

«Գերմանիայի ԱԳՆ-ն արտասահամանյան ուղևորությունների անվտանգության միջոցների վերաբերյալ իր հանձնարարականներում սկզբունքորեն խորհուրդ չի տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ և նշում է, որ իրենց անձնագրերում ԼՂՀ-ի մուտքի արտոնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր չի տրվի Ադրբեջանում»,- ասել են դեսպանատնից:

Գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերը և Կնուտ Տեսկեն, ովքեր ժամանել են Հայաստան ղարաբաղյան խնդրի հարցում հայկական կողմի դիրքորոշման հետ ծանոթանալու համար, նախատեսում են այցելել Արցախ: Լրագրողները պատրաստվում են այցելել Լեռնային Ղարաբաղ տեղում իրավիճակի հետ ծանոթանալու համար:

ԳԴՀ դեսպանատանը նշել են, որ Գերմանիայի դիրքորոշումն Արցախը չճանաչելու հարցում անփոփոխ է մնում:

Ադրբեջանի ԱԳՆ-ը հանձնարարել է Գերմանիայում իր դեսպանատանն ուսումնասիրել այդ հարցը, հաղորդում է Trend-ը: