16 փետրվարի 2012 - 18:10 AMT
ԱՄՆ իրավաբան. Ինչպես պահել հավասարակշռությունը խոսքի ազատության ու մարդու իրավունքների միջև

Պիթսբուրգի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր, ԱՄՆ իրավունքի ու Կոմպարատիվ իրավունքի միջազգային ակադեմիայի անդամ, Ավստրիական հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Grand Decoration պարգևին արժանացած Վիվիան Կուրրանը հոդված է հրատարակել, նվիրված Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որը կոչվում է «Ինչպես հավասարակշռությունը պահել խոսքի ազատության ու մարդու իրավունքների միջև»:

Ըստ Կուրրանի, Ֆրանսիայի դեպքում միշտ հարկավոր է հաշվի առնել նրա պատմական անցյալը: «Ֆրանսիայում պատմության մեջ եղել է Դրեյֆուսի գործը, երբ հրեական ծագում ունեցող անմեղ ֆրանսիացի կապիտանին մեղադրեցին Գերմանիայի օգտին լրտեսության մեջ»,-գրում է Կուրրանը:

Ըստ նրա, սկսվելով հակասեմիտական ալիքի վրա, այն հաջողությամբ ավարտվեց միայն առանձին իրավաբանների ու քաղաքական գործիչների ջանքերի շնորհիվ:

«Չի կարելի մոռանալ նաև Ֆրանսիայի դերակատարությունը Հոլոքոսթում: Ֆրանսիացիները նպաստեցին դրան հակասեմիտական հռետորության միջոցով»,-գրում է նա: «Հաշվի առնելով Ֆրանսիայի պատմությունը՝ խոսքի ու ԶԼՄ-ների ազատություն հասկացությունն այնտեղ մի փոքր այլ է, քան ԱՄՆ-ում»,-գրում է Կուրրանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: