3 սեպտեմբերի 2003 - 19:14 AMT
ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է, ՈՐ ԵԱՀԿ-Ն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՄԵՋ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հղել ԵԱՀԿ ղեկավարությանն այն առնչությամբ, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հաշվետվության մեջ հայկական կողմը չի նշվել որպես օգոստոսի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա ԵԱՀԿ դիտարկման ձախողման մեղավոր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, որը միեւնույն ժամանակ մտացածին է որակել Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի այն հայտարարությունը, թե դիտարկման ձախողման առիթ դարձած միջադեպի համար մեղավոր է ադրբեջանական կողմը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հայ-ադրբեջանական սահմանից 3 կմ հեռավորության վրա որսորդական հրացանից կատարվել է կրակոց, որից հետո ադրբեջանական կողմը կրակ է բացել, դրանով իսկ միակողմանիորեն խախտելով դիտարկման ժամանակ անվտանգության ապահովման մասին պայմանավորվածությունը: