20 փետրվարի 2012 - 12:37 AMT
Հայ հաքերները գրոհել են ավելի քան 20 ադրբեջանական կայքեր

Այսօր հայ հաքերները խոշոր հարձակում են կատարել ադրբեջանական 20-ից ավելի կայքերին ուղղված։ Դրանց թվում են ադրբեջանական հեռուստատեսության կայքը, Եվրատեսիլ մրցույթի հաղոթի կայքը և այլն։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց տեղեկատավական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայ հաքերների այս հարձակումը նվիրված էր Գուրգեն Մարգարյանի սպանության 8-րդ տարելիցին։ Հարձակման ենթարկված կայքերում պատկերված է Գուրգեն Մարգարյանի նկարը և հաղորդագրություն՝ «8 տարի առաջ, միշտ կհիշենք»։ Հաղորդագրությունը թողնված է Armenian Cyber Army խմբավորման անունից։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, սա վերջին տարիներին հայկական կողմից ամենամեծ հարձակումն է քանակի տեսանկյունից։ Ըստ նրա փոխադարձ կիբերհանցագործությունները լավ բան չեն. «Սովորաբար հայկական կողմը հազվադեպ է հարձակումներ կատարում։ Ընդհանրապես hacking-ը լավ բան չի, ես բացասական եմ վերաբերվում։ Օրինակ, ադրբեջանցիները անընդհատ գրոհում են։ Նրանց համար կարևոր չի ինչ կայք է, միայն թե հայկական լինի։ Հարձակում կատարելը, սկզբունքորեն լավ չի, սակայն հայերի կողմից հարձակումը ինչ որ տեղ հոգեբանական խնդիր է լուծում։ Միջին հայ մարդը, որ անընդհատ տեսնում է, որ ադրբեջանցիներն են գրոհում, իր մոտ տպավորություն կստեղծվի, որ հայերը տանուլ են տալիս»։

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: