Քիչ առաջ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը դուրս եկավ ցուցարարների մոտ և ասաց, թե՝ «հիմա քաղաքապետն ազատ չէ և չի կարող ձեզ ընդառաջ գալ», իսկ ցուցարարներն էլ ասացին, որ եթե գոնե 1 րոպեով Տարոն Մարգարյանը դուրս չգա, իրենք չեն հեռանալու:
Ցուցարարները Մակարյանի միջոցով քաղաքապետին փոխանցեցին նամակ, որում կետ առ կետ նշված է՝ ինչու է Մաշտոցի պողոտայի այգու շինարարությունն անօրինական. «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այգու կառուցապատման ողջ գոծընթացը և վերադարձնել հանրային տարածքը: Պահանջում ենք, որ ձեր առևտրայն գործունեություն իրականացնելու համար ընտրեք ոչ հանրային տարածք»,- խոսեց ցուցարարներից մեկը: «Պահանջում ենք, պահանջում ենք» վանկարկում են ցուցարարները:
Մակարյանը ցուցարարներին ասաց, որ որքան էլ սպասեն, մեկ է քաղաքապետը նրանց ընդառաջ դուրս չի գալու, բայց ամեն դեպքում նրան կփոխանցի, որ իրեն սպասում են:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը նշեց. «Մենք եկել ենք մեր արդար պահանջով: Մեզանից թաքուն մտել են մեր հանրային այգին, որը մենք սիրում ենք: Մենք հայտնաբերել ենք թույլատրված օրենսդրական, քաղաքաշինական բոլոր խախտումները և նոր վերլուծություններ ենք բերել ու փոխանցեցինք քաղաքապետին: Փոխանցեցինք նաև ստորագրությունները և խնդրեցինք, որ իջնի մեզ հետ խոսի և որ ամենակարևորն է, մենք՝ որպես Երևանի հանրություն, պահանջում ենք դադարեցնել և հանել այնտեղից այդ ամբողջ տաղավարային թուրիմացությունը...»:
Ոստիկանները, իրենց հերթին, հորդորում են ցուցարարներին ու լրագրողներին ազատել քաղաքապետարանի աստիճանները և մի քիչ նեքևում հավաքվել՝ ազատելով քաղաքապետարանի մուտքը: