20 փետրվարի 2012 - 16:51 AMT
Բելառուսը կարող է շատ կոշտ պատասխանել Եվրամիության պատժամիջոցներին

Անհրաժեշտության դեպքում Բելառուսը կարող է շատ կոշտ պատասխանել Եվրամիության պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Դուք հասկացեք, մենք առայժմ հանդուրժում ենք այդ պատժամիջոցները, որոնք դուք՝ եվրոպացիներդ, թափահարում եք մեր քթի առաջ»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի կարծիքով, Բելառուսը խնդիր չի ստեղծում հարևանների և հեռավոր արտասահմանի երկրների համար: «Ես չեմ հասկանում, թե ինչ հավակնություններ կարող են լինել մեր հանդեպ: Մենք հասկանում ենք, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս այն, ինչ մենք այստեղ անում ենք, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան էլ դուր չի գալիս մեզ: Բայց մենք երբեք չենք հարձակվում ոչ ոքի վրա, չենք փորձում ինչ-որ մեկին սովորեցնել»,- ասել է նա:

«Մենք բարեկամներ շատ ունենք: Եվ այսօր անհեռանկարային է տորպեդավորել Եվրոպայի հետ մեր հարաբերությունները և փորձել ինչ-որ տեղ մեզ նեղացնել և պատժել: Մեր երկրի համար, անկեղծ ասած, ավելին քան բավական է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը»,- ասել է նա: