9 հունվարի 2004 - 18:19 AMT
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ՓԱԿ ԴԻՏՈՒՄՆԵՐ
Չնայած նրան, որ Թուրքիայում ոչ հրապարակայնորեն արգելված է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է հայոց ցեղասպանության մասին, երկրում արդեն կազմակերպվում են ֆիլմի փակ կինոդիտումներ: Ինչպես նշում է ֆիլմն արդեն դիտած թուրքական «Սաբահ» թերթի թղթակից Էմրե Աքոզը, «Արարատն» այնուհանդերձ պետք է ցուցադրել Թուրքիայում: Նրա կարծիքով, Թուրքիան չպետք է խուսափի հայկական հարցի հետ առերեսումից, իսկ ֆիլմը բոյկոտող ազգայնականներին նա
խորհուրդ է տալիս հրապարակել պատմական փաստերի վերաբերյալ սեփական դիրքորոշումներն ու փաստաթղթերը: Հիշեցնենք, որ Թուրքիայում հունվարի 16-ին նախատեսված «Արարատ» ֆիլմի ցուցադրումը հետաձգվել է անորոշ ժամանակով` տեղի ազգայնական կազմակերպությունների ակտիվ բողոքի պատճառով, որոնք ֆիլմի ցուցադրումը համարում են դավաճանական քայլ: