20 փետրվարի 2012 - 19:01 AMT
Արմեն Աշոտյան. Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում գործատուին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» ՀԿ նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության խթանումն ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը: Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու արժանապատիվ զբաղվածության ապահովմանը:

Հուշագրով նախատեսվում է աջակցել դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև նպաստել համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը` ըստ աշխատաշուկայի պահանջների:

Նախարարը նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում մասնավոր հատվածի և սոցիալական գործընկերների ներգրավումը համարվում է գերակայություն:«Կրթական ոլորտում դժվար է պատկերացնել առաջընթաց առանց մասնավոր հատվածի ներգրավման, քանի որ դրա շնորհիվ ամրապնդվում է աշխատաշուկա-կրթություն կապը, երիտասարդ կադրերի համար ստեղծվում են նոր աշխատատեղեր»,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել. «Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում գործատուին:

Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում, որպեսզի հետագայում երիտասարդ մասնագետները իրենց կարողությունները ներդնեն տարբեր ոլորտներում՝ համապատասխան ձեռնարկությունների համար ապահովելով շահույթ, որն էլ կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը»:

Պիլոտային ծրագրի շրջանակում ինչպես քոլեջների, այնպես էլ բուհերի ուսանողների համար տարբեր ձեռնարկություններում կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ: