20 փետրվարի 2012 - 19:06 AMT
Գյումրիում սեռական շահագործման ենթարկվելու գործ է բացահայտվել

ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների` Թուրքիայում սեռական շահագործման ենթարկվելու դեպքի առթիվ:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի, ժամանակավորապես Թուրքիայում բնակվող, «Դոկտոր» մականվամբ Ս. Մարտիրոսյանը Գյումրի քաղաքի բնակչուհի, իր պարտապան Ն.Մովսիսյանի միջոցով հավաքագրել է Գյումրի քաղաքի բնակչուհուն և 2010թ. օգոստոս ամսին տեղափոխել Թուրքիայի Տրապիզոն քաղաք:

Տրապիզոն հասնելուն պես` Ս. Մարտիրոսյանը Ն.Մովսիսյանին և մյուս կնոջը հանձնել է ազգությամբ թուրք կավատին: Վերջինս 4 օր տևողությամբ օրական 20 ժամ նրանց ենթարկել է սեռական շահագործման, իսկ ստացված գումարները տվել Ս. Մարտիրոսյանին:

Մարտիրոսյանը, օգտվելով կնոջ խոցելի վիճակից, պարտադրել է նրան Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվել` պատճառաբանելով, թե վերջինս իրեն պարտք է շուրջ 5000 ԱՄՆ դոլար` ճանապարհածախսի, հագուստի և բնակության վայր տրամադրելու դիմաց:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում 2012թ. փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ: 2012թ. փետրվարի 14-ին Ն. Մովսիսյանին և Ս. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննությունը շարունակելու համար: