20 փետրվարի 2012 - 19:11 AMT
«Լիդեր մոբիլ» ՍՊԸ-ի տնօրենի դեմ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ:

Երևանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներից ստացված դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լիդեր մոբիլ» ՍՊ ընկերության տնօրենը 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշման և Երևանի քաղաքապետարանի ու ՍՊ ընկերության միջև 2007թ. մարտի 16-ին կնքված հանձնարարության պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Բուզանդի 103, 105 և 107 հասցեներում բնակելի շինությունների սեփականատերերի հետ 2007թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին կնքել է «Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքից, տնօրինումից, տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու» վերաբերյալ պայմանագիր: Ըստ այդմ` պարտավորվել է 36 ամիսների ընթացքում կառուցել և սեփականատերերին տրամադրել համարժեք բնակմակերեսներ կամ այլ փոխհատուցում:

Մինչդեռ, ըստ ուսումնասիրված նյութերի, հիշյալ ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ հասցեների սեփականատերերի` շուրջ 380 809 204 դրամ գույքը 2008թ. օգոստոսի 27-ին գրավադրել է «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունում, իսկ ստացված գումարը բնակելի շինություն կառուցելու փոխարեն տնօրինել է իր հայեցողությամբ, ծախսել անձնական և այլ նպատակներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար, հայտնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը: