21 փետրվարի 2012 - 13:21 AMT
Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ-ը քաղաքական ներուժ ունի արձագանքելու համար ղարաբաղյան զարգացումներին

ՀԱՊԿ-ը չի միջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քանի որ դրա համար կան համապատասխան միջազգայն մեխանիզմներ, որոնք պետք է ուղղորդված գործեն այդ շատ բարդ հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Պատասխանելով ՀԱՊԿ դիրքորոշման մասին հարցին հակամարտության անբարենպաստ զարգացումների դեպքում՝ Բորդյուժան ասել է.«Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է և անհրաժեշտության դեպքում կստանա ողջ անհրաժեշտ աջակցությունը»:

Բորդյուժան ասել է, որ «ՀԱՊԿ-ը ունի ոչ միայն ուժային, այլ նաև քաղաքական ու խաղաղարար ներուժ արձագանքելու համար ղարաբաղյան զարգացումներին: «Ամեն ինչ կախված է իրավիճակի կոնկրետ գնահատումից»,-ասել է նա: