21 փետրվարի 2012 - 20:15 AMT
ԱԺ պատգամավորներն առաջարկում են ազատել մրցաշարերի, օլիմպիադաների անցկացման համար սահմանված վճարները

Փետրվարի 21-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Գալուստ Սահակյանի և Կարեն Ավագյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հեղինակներն առաջարկում են ավելացված արժեքի հարկի վճարումից ազատել հանրակրթության ոլորտում որոշ կրթական ծրագրերով իրականացվող առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների անցկացման համար սահմանված վճարները, որը, ինչպես տեղեկացրեց հիմնական զեկուցող Անահիտ Բախշյանը, մեկ անձի համար կազմում է 970 դրամ:

ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Օրինագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է անցկացնել 24 ժամվա ընթացքում: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նիստի օրակարգում ընդգրկված մոտ մեկ տասնյակ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց: