22 փետրվարի 2012 - 15:13 AMT
Ահարոն Ադիբեկյան. ԲՀԿ-ն գալիք ընտրություններում երկրորդից ցածր հորիզոնականում չի հայտնվի

Կոալիցիոն ԲՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններում կարող է շրջանցել ՀՀԿ-ին, սակայն նվազագույնը կզբաղեցնի 2-րդ տեղը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտաևրարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Ընդ որում, նա նկատել է, որ առաջին հորիզոնականը գրավելու համար, ԲՀԿ-ն պետք է անցկացնի ճիշտ նախընտրական քարոզարշավ: Այս առնչությամբ նա հիշեցրել է 2007թ ընտրությունները, երբ ԲՀԿ-ն դարձյալ առաջատար էր ըստ սոցհարցումների, սակայն հենց ընտրությունների արդյունքում բավականին հետ էր ՀՀԿ-ից:

Ադիբեկյանն ընդգծել է, որ, եթե ԲՀԿ-ն հայտնվի երկրորդ հորիզոնականում, իշխանությունը պահպանելու միակ միջոցը նրա համար կլինի ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ մտնելը:

Այն հարցին, թե ինչպես ԲՀԿ վարկանիշի վրա կանդրադառնա ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի` կուսակցությանը միանալը, Ադիբեկյանը պատասխանել է, որ ԲՀԿ-ին նման մարդիկ չեն խանգարի: Ընդ որում, նա նկատել է, որ Օսկանյանն անհատական վարկանիշ չունի, որը կնպաստեր ԲՀԿ-ի վարկանիշի բարձրացմանը, քանի որ նա դեռ միայն ցանկանում է քաղաքական ֆիգուր դառնալ: