22 փետրվարի 2012 - 19:26 AMT
Cavallin հերքել է նորաձևության տունը «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին տեղեկատվությունը

Աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը` Roberto Cavalli իտալական նորաձևության տունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ բանակցություններ է վարել «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի հետ: «Cavalli ընկերությունը կտրականապես ժխտում է տեղեկատվությունն այն մասին, որ որևէ կապ է ունեցել «Տաշիր» ընկերության հետ, որին անգամ չի ճանաչում, կամ նորաձևության տունը վաճառելու վերաբերյալ ինչ-որ բանակցություններ է սկսել որևէ մեկի հետ»,- ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը` Roberto Cavalli իտալական նորաձևության տունը կարող է գնել «Տաշիր» ռուսական ընկերությունների խումբը:

«Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, արդեն գործարկել է Casa Italia խորագրով նախագիծը, որը զբաղվում է Մոսկվայում նորաձև իտալական խանութների բացմամբ:

Մոդելավորող Ռոբերտո Կավալլին երբեք չի թաքցրել, որ բարձր է գնահատում իր բիզնեսը` որպես նվազագույն գին նշելով 1 մլրդ եվրոն:

Մասնագետները կարծում էին, որ գործարքի գումարը կկազմի մոտ 500 մլն եվրո: Ռոբերտո Կավալլին 2009 թվականին արդեն ձեռնարկել է իր նորաձևության տան մասնակի վաճառքի փորձ, սակայն գործարքը ձախողվեց: Բացի այդ, իտալացի մագնատը դիտարկում է նաև այլ առաջարկներ:

Այսօր Roberto Cavalli բրենդի ներքո արտադրվում է կանացի հագուստ, ներքնազգեստ, լողազգեստներ, ակնոցներ, պայուսակներ, կոշիկ, ապրանքներ տան համար և անգամ երեխաների: