22 փետրվարի 2012 - 20:23 AMT
Ավարտվել է «Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» ընթերցանության հանրապետական մրցույթը

Ավարտվել է «Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» ընթերցանության հանրապետական մրցույթը:

2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ մասնակցել են այս մրցույթին, որոնցից 800-ն անցել են կիսաեզրափակիչ, իսկ հաղթել են 55-ը` նրանցից 7-ը ներկայացրել են Երևանի դպրոցները:

Դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երևանի քաղաքապետարանի և «Էդիթ-պրինտ» հրատարակչության գործակցությամբ:

Շուրջ տասն ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրքերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով և ասմունքել:

Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝ Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների, հեղինակների և ուսուցիչների: