23 փետրվարի 2012 - 14:43 AMT
Երթ. «Արտակի գործը՝ բանակում մարդու իրավունքների փորձաքար»

«Մի դատիր, որ չդատվես», «Արտակի գործը՝ բանակում մարդու իրավունքների փորձաքար», «Ոչ բռնություններին ու սպանություններին բանակում» պաստառնրով «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամնեն այսօր հերթական երթն են կազմակերպել Կառավարության շենքից դեպի նախագահի նստավայր: Երթի մասնակիցները նախագահից պահանջում են թափանցիկ դարձնել դատաքննությունը և Արտակ Նազարյանի գործը Իջևանից տեղափոխել Երևան:

«Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սպանությունները որակվում են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, և արդյունքում չեն պատժվում իրական մեղավորները, այլ պատահական կամ երկրորդական մարդիկ: ՊՆ և Զինդատախազության ջանքերով զինծառայողների մահվան հանգամանքները կոծկվում են, և դատավորներն անմիջապես ենթարկվում են դատախազին, այդ իսկ պատճառով մեր բողոքն ենք ներկայացնում նախագահին, քանի որ հենց ինքն է պատասխանատվություն կրում բանակում տիրող իրավիճակի համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովինար Նազարյանը՝ զոհված զինծառայող Արտակ Նազարյանի քույրը:

Երթի մասնակիցները «Հայրենիք, պաշտպանիր պաշտպանիդ» կարգախոսով թռուցիկներ են բաժանում անցորդներին: Նախագահականի մոտ նրանց ընդառաջ դուրս եկավ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը, հարցրեց՝ դիմում ունեն փոխանցելու, թե ոչ: Արտակ Նազարյանի մայրը նրան պատասխանեց, որ իրենք դեռևս հունվարի 19-ին են դիմում փոխանցել և պատասխան առայժմ չեն ստացել. «Պահանջում ենք, որ Արտակ Նաղարյանի գործը Իջևանից նորից տեղափոխեն Երևան, որ հարազատները հնարավորություն ունենան ներկա գտնվելու»:

Երթի մասնակիցները մի քանի անգամ փորձեցին անցնել նախագահի նստավայրի մայթ և այնտեղ շարունակել իրենց ակցիան, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս և նրանց բռնի կերպով հետ էին ուղարկում դիմացի մայթ: Երթի մասնակիցները պահանջում են, որ Սերժ Սարգսյանը դուրս գա իրենց ընդառաջ: