20 հունվարի 2004 - 22:00 AMT
ԹՈՒՐՔ ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ
Թուրքական ծխախոտագործական ձեռնարկություններն անհանգստացած են «Բի-Էյ-Թի» բրիտանաամերիկյան ընկերությանը Հայաստանում արտադրվող «Սամսուն» տեսակի ծխախոտի վաճառքից: Թուրքական «Զաման» թերթն այսօրվա համարում մեջբերում է «Ինթերնեյշնըլ Մասիս Թոբաք» հայկական ընկերության ղեկավար Հրանտ Վարդանյանի խոսքերն այն մասին, որ հայկական ֆիրման 2003 թվականին 600 տոննա ծխախոտի հումք է վաճառել «Բի-Էյ-Թի»-ին` նախատեսելով ընթացիկ տարում վաճառքը հասցնել 2000 տոննայի: Թուրքիայի Էգեյան տարածաշրջանի ծխախոտ արտահանողների ընկերության ղեկավար Մահմուդ Օզգեների խոսքով` Հայաստանից միջազգային շուկա արտահանումների ծավալի աճը լուրջ մտավախությունների տեղի է տալիս: «Եթե հայաստանյան թութունը դիտվի որպես այլընտրանք թուրքականին, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի տնտեսության վրա»,- նշել է նա: Նույն կարծիքն է հայտնել նաեւ «Սունել» ծխախոտագործական ընկերության ղեկավար Նոյան Գյուրելը, որը նշել է, թե հեռանկարում հայկական տեսականին կարող է սպառնալիք ստեղծել թուրքական մրցակիցների համար: «Թեքել Բաֆրա Յափրաք» թուրքական ընկերության ղեկավար Ջաֆեր Բարլին էլ նշել է, որ համաշխարհային ծխախոտագործները մտադիր են Մակեդոնյայից եւ Ռումինիայից հետո Հայաստանն էլ վերածել ծխախոտգործության կենտրոնի: