24 փետրվարի 2012 - 14:14 AMT
Հայաստանը մտադիր է համագործակցություն հաստատել ՀՀ և Կորեայի դիվանագիտական ակադեմիաների միջև

Սեուլում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-կորեական հարաբերությունների մասին ելույթով հանդես եկավ Կորեայի Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի (Դիվանագիտական ակադեմիա) ուսանողների առջեւ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ելույթից առաջ նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարության հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ծանոթացրեցին քաղաքագիտական եւ կրթական կենտրոնի աշխատանքների ու ուսումնական ծրագրերի հետ: Անդրադարձ կատարվեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Կորեայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվեց Կորեայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կիմ Չունգ-վանի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Կորեացի խորհրդարանականները որպես բարեկամական բնորոշեցին հայ-կորեական հարաբերությունները եւ հույս հայտնեցին, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Սեուլ նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Կորեայի խորհրդարանների միջեւ ձեւավորված համագործակցության կապակցությամբ եւ մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ավարտելով այցելությունը Կորեա՝ ԱԳ նախարարը ուղեւորվեց Վիետնամ: