24 փետրվարի 2012 - 16:06 AMT
ՀՀ և ՎԶՄԲ միջև ստորագրվել է 15 մլն դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր

Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում:

Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:

Փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` սպասարկման մի շարք տարածքների ջրամատակարարումը բարելավելու նպատակով:

Ծրագրի շրջանակում մասնավորապես կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների և հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ:

Փոխառությունը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Տոկոսադրույքը կազմում է ԱՄՆ դոլարի 6-ամսյաLIBOR+փոփոխական մարժա:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015 թվականի հունիսի 30-ին, հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: