24 փետրվարի 2012 - 18:24 AMT
100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցը Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 28-ին

Փետրվարի 24-ին Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» և Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի և Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք հանդիսացավ որպեսզի «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստում այն արտահերթ ճանաչի և այդ որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն:

Օրինագիծը կներառվի փետրվարի 27-ից մարտի 1-ի քառօրյա նիստերի օրակարգում և արտահերթ կքննարկվի փետրվարի 28-ի երկրորդ նիստում: