24 փետրվարի 2012 - 19:54 AMT
Սամվել Խաչատրյան. Ես շատ գոհ եմ Հայաստանի առաջնությունում հայ ծանրորդուհիների ելույթից

«Ես շատ գոհ եմ Հայաստանի առաջնությունում հայ ծանրորդուհիների ելույթներից: Հայաստանում ծանրամարտով զբաղվում են շուրջ 42 մարզուհիներ, առաջնությանը մասնակցել են նրանցից 30-ը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

Նրա խոսքով, մարտին Հայաստանի կանանց հավաքականը կանցկացնի հերթական ուսումնամարզական հավաքը: Լոնդոնի օլիմպիական խաղերին կպատրաստվեն 2012-ի Հայաստանի չեմպիոններ Մելինե Դալուզյանը, Իզաբելլա Յալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: Հավաքականի մյուս անդամներն օգոստոսի 25-ից սեպտեմբերից 2-ը Ռումինիայում հանդես կգան Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

«Տղամարդկանց առաջնությունում խաղարկվել են մեդալներ երեք քաշային կարգերում: Մենք մեծ սպասումներ ունենք մեր ծանրորդներից և հույս ունենք, որ առաջիկա մրցաշարերի ժամանակ նրանք ցույց կտան իրենց»,- ասել է Խաչատրյանը;