24 փետրվարի 2012 - 20:16 AMT
Տիգրան Սարգսյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է նախապատրաստությունը խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել համատեղ մի քանի ծրագրերի:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ընտրություններում առավելագույնս պետք է հրապարակայնություն ապահովվի` ցանկացած դեպք դարձնելով հանրային քննարկման առարկա: Կառավարության ղեկավարի խոսքով` սա կնպաստի ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ` ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելուն: Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հանրապետական կուսակցությունը, որի գործադիր մարմնի անդամ է հանդիսանում, իր համամասնական ցուցակում որևէ գործարարի չի ընդգրկելու որպես պատգամավորի թեկնածու:

«Մենք ողջունում ենք կառավարության բոլոր քայլերը, ընդդիմությանը լուրջ գործիքակազմ տվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը»,- ասել է Ջոն Հեֆֆերնը: Դեսպանն իր աջակցությունն է հայտնել այս նպատակով իրականացվող միջոցառումներին: