Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևը քվեարկության կդրվի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, հայտնում է Ռիկսդագի գրասենյակը:
Թիվ 335 բանաձևը, որը նկարագրում է ներկա իրավիճակը Ղարաբաղի շուրջ և այն քայլերը, որ ձեռնարկում է միջազգային հանրությունը դրա հանգուցալուծման համար, հանձնվել է Շվեդիայի խորհրդարանի կոմիտեի քննարկմանն ու հետագա քվեարկության համար: Քվեարկության նախնական ամսաթիվը հայտնի չէ, սակայն առաջին նիստը կկայանա ընթացիկ տարվա մարտին:
Նախագիծը ներկայացրել է Շվեդիայի խորհրդարանի «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Մեհմեդ Կապլանը 2011թ. հոկտեմբերին: Փաստաթուղթը մատնանշում է, որ Շվեդիայի քաղաքական հանրությունն ու կառավարությունը պետք է ուշադրություն դարձնեն բանակցային գործընթացի լճացման վրա ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն իրավիճակից դուրս գալու համար, հայտնում է Trend-ը: