Հայաստանի ֆինանսների նախարարությունը հրավիրել է 7 ապահովագրական ընկերությունների` հանրապետության կառավարության կողմից մշակված, բժշկական ապահովագրության շրջանակներում սոցիալական փաթեթի առաջարկները մանրամասնորեն ներկայացնելու համար:
2012թ Հայաստանի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվում է 18 մլրդ դրամ հատկացնել պետաշխատողների սոցիալական փաթեթին: 2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար:Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքի անմիջական անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետևյալ սոցիալական ծառայություններից` բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում:
Ինչպես հայտնել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, բոլոր ապահովագրական ընկերությունների առաջարկներն էլ տեղադրվելու են պետական գերատեսչության կայքում և ուղարկվելու են բոլոր պետական հիմնարկներին: «Բոլոր նրանք, ոցքեր իրավունք ունեն օգտվելու այս փաթեթից, կկարողանան ընտրել նա, որը համապատասխանում է իրենց»,-ընգծել է նա:
Իր հերթին Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանն ընդգծել է, որ այս սոցիալական փաթեթում կարևորվում է հենց բժշկական ապահովագրությունը, որը թույլ կտա պետաշխատողին, օգտվլով բազային փաթեթից, փոխհատուցել հիվանդանոցային ծախսերի մեծ մասը: Նա նաև հայտնել է, որ փաթեթեը ներառում է ամենամյա լիարժեք հետազոտում, անալիզների հատուկ խումբ, ինչպես նաև նյարդաբանականական, սրտի հիվանդությունների և վնասվաքների բուժում:
Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազար ՀՀ դրամ: Այս գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն:
Կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա փաթեթը չի տարածվում:
Յուրաքանչյուր աշխատակցին փաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ տարեկան կտրվածքով, ինչը դրամի վերածելու դեպքում նախորդ տարվա միջին աշխատավարձի նկատմամբ ենթադրում է 10%-անոց աճ:
Սոցիալական փաթեթի նպատակն է բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավետությունը, մեղմել կադրերի արտահոսքը և նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը: