22 հունվարի 2004 - 22:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ
Հայաստանի Ռազմական եւ քրեական գործերի բողոքարկման դատարանը այսօր որոշում է կայացրել 1999 թվականի Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության գործով: Հիշեցնենք, որ այդ գործով առաջին ատյանի դատարանի 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճիռը բողոքարկել էին յոթ դատապարտյալներից երեքը` ցմահ բանատարկության դատապարտված Աշոտ Կնյազյանը եւ Էդիկ Գրիգորյանը, ինչպես նաեւ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Բոլոր երեքի հանդեպ Բողոքարկման դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Բողոքարկման դատարանի դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Վճռաբեկ դատարանում: Նշենք, որ ցմահ բանատարկության դատապարտված ահաբեկչության կազմակերպիչներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, ինչպես նաեւ նրանց քեռին` Վռամ Գալստյանը եւ Դերենիկ Բեջանյանը Բողոքարկման դատարան չեն դիմել: Յոթն էլ մեղավոր են ճանաչվել Հայաստանի ՔՕ մի շարք հոդվածներով, որոնցից ծանրագույներն են` դավաճանություն հայրենիքին, ահաբեկչական գործողություն, առանձնահատուկ վտանգավոր պետական հանցագործությունների իրականցում: