25 փետրվարի 2012 - 16:31 AMT
Դավիթ Հալաջյանն արժանացել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալի

Երեկ` փետրվարի 24-ին, շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանն արժանացել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: Մեդալը շնորհվել է Արամ Խաչատրյան համերգասրահում` կոմպոզիտորի 50-ամյակին նվիրված համերգից առաջ: Կոմպոզիտորը մեդալին արժանացավ հայ կոմպոզիտորական արվեստում ներդրած նշանակալի ավանդի համար:

Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը ծնվել է 1962 թ-ին Երևանում: Սովորել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում, կոմպոզիցիան` Էդգար Հովհաննիսյանի դասարանում, երաժշտական տեսությունը, դաշնամուրը և խմբավարությունը` Հակոբ Ոսկանյանի մոտ: Հալաջյանը ուսանողական տարիներին աշխատել է Ազգային ռադիոյում և հեռուստաընկերությունում որպես երաժշտական խմբագիր: 1985 թ-ին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, իսկ 1988-89- թթ-ին սովորել է Ռիգայում:

1991 թ-ին Հալաջյանը ուսումնասիրել է համակարգչային երաժշտություն Բազելի երաժշտական ակադեմիայում և Երաժշտական քոլեջում պրոֆեսոր Ջերալդ Բենեթի և Թոմաս Կեսսլերի մոտ: Ներկայումս նա բնակվում է Ցյուրիխում և դասավանդում է տեղի կոնսերվատորիայում: Բացի կոմպոզիտորական գործունեությունից, ղեկավարում է երգչախմբեր և նվագախմբեր, «Անանուն» երգչախմբի հետ ներկայացնում է փորձարարական երաժշտություն: Այնուամենայնիվ, նրա առաջին կոչումը կոմպոզիցիան է: Նրա ստեղծագործությունները հիմնված են հայկական ազգային մեղեդիների սկզբունքների վրա: Հալաջյանը բազմաթիվ կանտատների և այլ ստեղծագործությունների հեղինակ է: Նա նաև ներկայացումների և ֆիլմերի երաժշտության հեղինակ է: 1979 թ. նրա ստեղծագործությունն առաջին անգամ հնչեց ռադիոյով, Հալաջյանի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ երկրներում` Ռուսաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում, Բելգիյաում և Կանադայում: Ձայնագրվել է մի շարք հեղինակային ստուդիաներում: