Թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը պարզապես «պատմության մութ էջերի» ժխտում չէ, դա իշխանությունների բազմամյա քաղաքականության արդյունքն է, գրում է ֆրանսիական Le Monde-ը:
«Ժխտումը դրված է թուրքական նույնության հիմքում և դրա ձևավորման անբաժան մասն է հանդիսանում»,- գրում է հրատարակությունը: Հոդվածի հեղինակի համաձայն, պատմական հիշողության հանդեպ ճնշումները հնարավորություն են ընձեռում խախտելու մարդու իրավունքները ժամանակակից Թուրքիայում:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, հրատարակությունը գրում է. «Սակայն ժխտումը միայն Թուրքիայի ներքին քաղաքականության հիմքը չէ, դա Եվրոպայի և Ֆրանսիայի՝ թուրքական արմատներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների դիրքորոշումն է: Նրանց նպատակը զոհերի՝ մազապուրծ եղած և Ֆրանսիայում ապաստան գտած ժառանգների իրավունքների ոտնահարումն է»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: