26 փետրվարի 2012 - 17:15 AMT
Դմիտրի Պետրենկո. Սումգայիթը Օսվենցիմի ճամբարների հանցագործությունների հետ նույն շարքում է

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերը էթնիկական բռնության առաջին զանգվածային պայթյունն էր նորագույն խորհրդային պատմության մեջ: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է ուկրաինացի քաղաքական տեսաբան Դմիտրի Պետրենկոն:

«Սումգայիթը մարդկության դեմ հանցագործությունների, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարների և Կատինյան անտառում գնդակոծությունների հետ նույն շարքում է»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Սումգայիթի զոհերի արյունը չպետք է մոռացվի:

Փորձագետի կարծիքով՝ Սումգայիթում բռնությանը նպաստել է տեղի իրավապահ մարմինների, ԽՍՀՄ կենտրոնական պետական և կուսակցական ղեկավարության անգործությունը կամ դեպքերի զարգացմանը ժամանակին միջամտելու անկարողությունը:

«Ցավոք, մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ցուցադրում է անընդունակություն հասկանալու, որ դաժանությունը միայն դաժանություն է ծնում, որն ավելի մեծ փորձանքներ է բերում: Անհնար է բուժել նման իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց վերքերը, բայց կարելի է գոնե ապագայում նման բաները կանխելու համար փորձել դասեր քաղել դրանից»,- նշել է նա: