23 հունվարի 2004 - 21:14 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՍԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆԸ
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն եւ Ջո Նոլլենբերգը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` խնդրելով կոչ անել Թուրքիայի վարչապետ Րեջեփ Թայիփ Էրդողանին անհապաղ դադարեցնել Հայաստանի շրջափակումը: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Թուրքիայի վարչապետի ԱՄՆ այցի ընթացքում կկայանա Էրդողանի հանդիպումը Բուշի հետ: Կոնգրեսականների նակում նշվում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակման քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանային կայունության եւ բարեկեցության հաստատմանը: «ԱՄՆ, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական Միության ռազմաքաղաքական եւ տնտեսական շահերի պահպանումն, այսօր, ինչպես երբեք, կախված է Հայաստանի շրջափակումն դադարեցնելուց», - ասվում է ուղերձում: Ընդսմին կոնգրեսականները հիշեցրել են Բուշին 2003 թվականին հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որում նշվում էր, որ թուրքական շրջափակման հետեւանքով Հայաստանի բեռնափոխադրումների ծախսերն աճում են 30-35 տոկոսով` լուրջ վնաս հասցնելով տնտեսությանը: Բացի այդ, պետդեպարտամենտի կանխատեսումներով, սահմանի վերաբացումը Հայաստանին եւ Թուրքիային թույլ կտա համատեղ նախագծեր իրականացնել առեւտրի, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում, որոնց տարեկան շրջանառությունը 1 մլրդ դոլար կկազմի: Կոնգրեսականները նաեւ ընդգծել են, որ Հայաստանի կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է առանց որեւէ նախապայմանների Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամության մասին: