27 փետրվարի 2012 - 17:09 AMT
Ադրբեջանցի պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է վերջապես նշի կարգավորման ժամանակային սահմանները

20 տարում ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի զգալի արդյունքի չի հասել ղարաբաղյան կարգավորման հարցում: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը: Ըստ նրա, ՄԽ-ն չարդարացրեց ադրբեջանական ժողովրդի սպասելիքները: «Արդեն 20 տարի է անցել է, հետաքրքիր է, էլի որքա՞ն ժամանակ է հարկավոր ՄԽ-ին խնդիրը լուծելու համար»,-հայտարարել է նա: Ահմեդովը նշել է նաև, որ Մինսկի խումբը պետք է վերջապես նշի կարգավորման ժամանակային սահմանները:

Անդրադառնալով Ֆրանսիայի մասնակցությանը՝ Ահմեդովն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ինքնուրույն որոշում կայացնի Ֆրանսիայի վերաբերյալ, հաղորդում է 1news.az-ը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: