27 փետրվարի 2012 - 17:29 AMT
Հրաչյա Ավանեսյանը մասնակցելու է Ժորժ Դելերյուի հիշատակին նվիրված համերգին

Մարտի 2-ին և 3-ին Ֆրանսիական Ռուբե քաղաքում տեղի է ունենալու հայտնի կոմպոզիտոր Ժորժ Դելերյուի հիշատակին նվիրված համերգ: Լիլի ազգային նվագախումբը ներկայացնելու է երիտասարդ սերնդի հեղինակների կատարումներ:

Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Դիրք Բրոսսեն, ով նույնպես գրում է երաժշտություն ֆիլմերի համար: Համերգում որպես մենակատար հանդես է գալու հայազգի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը:

Նույն համերգային ծրագիրը ներկայացվելու է նաև մարտի 7-ին` Բրյուսելում:

Ժորժ Դելերյուն ծնվել է 1925 թ-ի մարտի 12-ին: Ֆրանսիական Le Figaro թերթը նրան անվանել է «Կինոթատրոնների Մոցարտ», նրա գրած կինոֆիլմերի 350 ստեղծագործությունների համար: Նա գրում էր այնպիսի ստեղծագործություններ, որոնք հեռուստադիտողի մոտ տպավորվում էին որպես տրամադրություն փոխանցող, այլ ոչ թե որպես վառ մեղեդիներ և հիթեր: Նրա ստեղծագործությունների գագաթնակետն է համարվում Բերնարդո Բերտոլուչիի «Կոնֆորմիստը» ֆիլմի երաժշտությունը: Արժանացել է հեղինակավոր «Սեզար» մրցանակին:

Աշխատել է նաև Հոլիվուդում, Օլիվեր Սթոունի և Մարտին Սկորսեզեյի հետ: Վերջինիս հետ աշխատել է «Խաղատուն» ֆիլմում: Մահացել է 1992 թ-ին` ԱՄՆ-ում: