27 փետրվարի 2012 - 20:22 AMT
Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգի ղեկավարության հետ քննարկել է տնտեսական հարցեր

Փետրվարի 27-ին ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկվեցին Հայաստանի և Հոնկոնգի միջև տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Նախարար Նալբանդյանը օրենսդիր խորհրդի նախագահին տեղեկացրեց Հոնկոնգում ՀՀ պատվո հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի Անվտանգության քարտուղար Ամբրոզ Լի Սիու Քվոնգի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Հոնկոնգի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Հոնկոնգի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները և ներդրումային հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2011թ. դեկտեմբեր և 2012թ. փետրվար ամիսներին Հոնկոնգի գործարարների` Հայաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև այդ ոլորտում ձեռնարկվելիք քայլերը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգից ժամանեց Սինգապուր, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ: