27 փետրվարի 2012 - 21:29 AMT
Հայաստանի կուսակցությունների և ՀԿ-ների երիտթևերը եռօրյա սեմինար կանցկացնեն

Խորհրդարանական և արտախորհրդարանական 14 կուսակցությունների և միությունների 60-ից ավելի ներկայացուցիչներ հավաքվել են մեկ հարկի տակ` քննարկելու քաղաքական ամենատարբեր հարցեր: Նախաձեռնությունն աննախադեպ են որակում հենց իրենք` մասնակիցները:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի», ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունից ակնկալիքները շատ են:

Միայն երեք կուսակցություն է հրաժարվել մասնակցությունից` «Հանրապետություն», «Ժողովրդական» և «Կոմունիստական» կուսակցությունները: Եռօրյա սեմինարի ընթացքում քննարկվելու են քաղաքական ոլորտում առկա խնդիրները, մասնակիցները հանդես են գալու զեկույցներով ու առաջարկություններով: Հավաքի նպատակն է նպաստել խորհրդարանում երիտասարդ պատգամավորների թվի ավելացմանը, քաղաքական կազմակերպություններում երիտասարդ քաղաքական գործիչների դերի բարձրացմանը: Երիտասարդները քննարկելու են նաև առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր, մեծամասնական և համամասնական ընտրակարգերի վերաբերյալ արտահայտելու են իրենց դիրքորոշումը: Իսկ գլխավոր նպատակը քննարկումների արդյունքում որևէ հարցի շուրջ մեկ ընդհանուր համաձայնության գալն է, որն էլ թույլ կտա կազմել հայտարարություն` բոլոր մասնակիցների ստորագրությամբ: Նախատեսվում է այդ հայտարարությունը ներկայացնել ավագ գործընկերներին: